Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Հեյզել մարզադաշտի աղետը տեղի է ունեցել 1985թ. մայիսի 29-ին: Միջադեպը տեղի ունեցավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ Յուվենթուս – Լիվերպուլ խաղում:

Եզրափակիչ խաղի ավարտից մոտ մեկ ժամ առաջ լիվերպուլցիների մեծ խումբ բարձրացավ Յուվենթուսի երկրպագուներից բաժանող ցանկապատների վրայով: Իտալացիները խուճապահար փորձեցին փախչել մարզադաշտի սանդղափուլի (terrace)տարածքով, որի հետևանքով տրիբունայի հիմնական պատը փլուզվեց: Ոչ բոլորին հաջողվեց փախչել: 39 մարդ մահացան, իսկ մոտ 600-ը վիրավորվեցին: Չնայած տեղի ունեցած իրադարձություններին, խաղը չընդհատվեց՝ հետագա անկարգություններից խուսափելու նպատակով:

Այս ողբերգությունից հետո որոշվեց անգլիական ակումբներին արգելել մասնակցել ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերին 5 տարով, իսկ Լիվերպուլին՝ 6 (ի սկզբանե 10): Մերսիսայդցիների 14 երկրպագուներ մեղադրվեցին չկանխամտածված սպանության մեջ և դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման: Հետագայում այս դեպքը հիշատակվեց որպես « ՈւԵՖԱ-ի պատմության մեջ ամենամռայլ ժամ»:

1985թ. մայիսին Լիվերպուլը Եվրոպայի ուժեղագույն թիմն էր, ով Չեմպիոնների գավաթի վերջին 8 խաղարկություններից 4-ում հաղթել էր: Լիվերպուլն այդ հանդիպմանը ներկայացավ որպես գավաթի ներկայիս հաղթող (1984թվ. հաղթել էր Ռոմային): Նրանց մրցակիցը՝ Յուվենթուսը, Գավաթակիրների գավաթի ներկայիս հաղթողն էր։ Նրա կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ, որոնք 1982 թվականի աշխարհի չեմպիոններ էին, այդ թվում՝ 3 Ոսկե գնդակների դափնեկիր Միշել Պլատինին:

Չնայած «Բելգիայի ազգային մարզադաշտ» կարգավիճակին՝ Հեյզելը եզրափակչի ժամանակ ծայրահեղ վատ ֆունկցիոնալ վիճակում էր: 55-ամյա մարզադաշտը տարիների ընթացքում չէր պահպանվել և մարզադաշտի մեծ մասը բառացիորեն քանդված էր: Մի քանի տարի մարզադաշտը բավարար չէր խնամվել: Երկրպագուները, ովքեր չունեին տոմսեր, մարզադաշտի արտաքին պատից անցքեր էին փորում, որպեսզի մտնեն մարզադաշտ: Դեռ խաղի մեկնարկից առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստներն ու երկրպագուները ցնցված էին մարզադաշտի վիճակից: Մինչ այդ, Արսենալի երկրպագուները, որը այստեղ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ խաղում հանդիպել էր Վալենսիային, դժգոհում էին, որ մարզադաշտի շուրջբոլորը աղբանոց էր: Կարմիրների գլխավոր տնօրեն Պիտեր Ռոբինսոնի փորձերը՝ եզրափակիչը Հեյզելից տեղափոխել այլ մարզադաշտ, ավարտվեցին անհաջողությամբ: Առաջարկվեց եզրափակիչն անցկացնել Նոու Կամպում կամ Սանտիագո Բեռնաբեոյում, բայց ՈւԵՖԱ-ն հրաժարվեց նույնիսկ քննարկել այդ տարբերակները:

Մարզադաշտը լեփ-լեցուն էր. խաղին ներկա էին 58000-60000 երկրպագուներ: Դաշտի երկու դարպասների հետևում էլ կար սանդղափուլ (terrace): Եզրերից յուրաքանչյուրը բաժանվում էր 3 հատվածների: Յուվենթուսի երկրպագուները տեղաբաշխված էին O, N և M սեկտորներում, իսկ Լիվերպուլի երկրպագուները՝ Y, X: Z սեկտորը տրված էր բելգիացի «չեզոք» երկրպագուներին: Երկու թիմերն էլ կողմ էին այս գաղափարին, ինչը հնարավորություն ընձեռնեց նրանց երկրպագուներին ձեռք բերել տոմսեր տարբեր գործակալություններից կամ անցումներում՝ վերավաճառքի կետերից, այդպիսով, ստեղծելով երկրպագուների վտանգավոր համաձուլում:

Այդ ժամանակ Բրյուսելում, ինչպես և ամբողջ Բելգիայում, բնակվում էր բավականին ազդեցիկ իտալական համայնք, ինչի շնորհիվ Յուվենթուսի օտարերկրյա երկրպագուներին դժվար չէր ձեռք բերել Z սեկտորի տոմսեր: Այս ամենին գումարած, տոմսերը, որոնք բաժանվեցին տարբեր տուրիստական գործակալությունների միջոցով, նույնպես բաժին հասան Ծեր սենյորայի համակիրներին Եվ միայն մի փոքր մասը բաժանվեց լիվերպուլցիներին:

Խաղից մեկ ժամ առաջ՝ ժամը 19:00-ին, սկսվեցին առաջին բախումները երկրպագուների միջև: Թիմերի երկրպագուները չափազանց մոտ էին իրար, քանի որ նրանք զբաղեցնում էին հարակից X և Z սեկտորները: Նրանց իրարից բաժանում էր միայն ժամանակավոր ցանկապատը և տասնյակ ոստիկաններ: Դեռ խաղից առաջ երկու կողմերից էլ ճայթուկներ էին նետվում դեպի խաղադաշտ:

Մեկնարկային սուլիչից հետո ճայթուկների հետ միասին խաղադաշտ էին նետվում նաև երկրպագուների ոտքերի տակ գտնվող քարերը: Լիվերպուլի երկրպագուների խումբը տեղաշարժվեց դեպի անկյունային դրոշակի ուղղությամբ գտնվող սեկտոր և անցան բաժանող ցանկապատի վրայով. թուրինցիները փորձեցին փախչել մարզադաշտի պատի վրայով: Շատերին հաջողվեց, բայց պատը երկրպագուների այդպիսի հոսքին չդիմացավ և քանդվեց: Հենց այդ պահին մահացան 39 երկրպագուներ, ինչպես նաև մոտ 600-ը վիրավորվեցին:

Տեղի ունեցածից վրեժ լուծելու համար Յուվենթուսի երկրպագուները մարզադաշտի մյուս կողմում անկարգություններ սկսեցին և փորձեցին ներխուժել այն տրիբունա, որը զբաղեցնում էին Լիվերպուլի երկրպագուները: Միայն ոստիկանության միջամտությամբ հնարավոր եղավ կանգնեցնել նրանց: Հաջորդող երկու ժամերի ընթացքում նրանց կողմից ոստիկանների ուղղությամբ նետվեցին ճայթուկներ, քարեր և շշեր:

39 զոհերից 32-ը իտալացիներ էին, 4-ը բելգիացի, 2-ը ֆրանսիացի և 1-ը իռլանդացի: Արյունոտ ողբերգության մեղավորները ոչ միայն երկրպագուներն էին, այլ նաև ՈւԵՖԱ-ն, որը թույլատրեց խաղն անցկացնել մարզադաշտում, որը չէր համապատասխանում անվտանգության կանոններին: Պատրաստ չէր նաև բելգիական ոստիկանությունը, սակայն պատժվեցին միայն անգլիացիները: Մեկ տարի հետո անգլիական թիմերի արգելքը մասնակցել ՈւԵՖԱ-ի մրցաշարերին հանվեց: 1995թ. չարաբաստիկ Հեյզելը քանդվեց: Նույն տեղում կառուցվեց Բոդուեն թագավորի անունը կրող մարզադաշտը: Ողբերգությունից հետո թիմերն առաջին անգամ հանդիպեցին 2005թ. ապրիլի 5-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում: Խաղը տեղի ունեցավ Էնֆիլդում. Լիվերպուլը հաղթեց 2-1 հաշվով: