• Սթիվեն Ջերարդ․ Իմ Լիվերպուլյան պատմությունը (մաս 5)

    00/01 մրցաշրջան
    Երեք գավաթ նվաճեցինք

    Այն ինչ արեցինք մենք այս մրցաշրջանում՝ ուղղակի նման էր մի հրաշքի, որին նույնիսկ մենք չէինք հավատում։ Լիվերպուլը կարողացավ նվաճել միանգամից երեք գավաթ։ Ամեն դիրքում մենք ունեինք ֆանտաստիկ խաղացողներ, սակայն մեր հաջողություններրը կապված էին Ժերար Ուլյեի հետ։ Նա մեզ դաստիարակեց որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Մարզումները բավականին բարձր մակարդակի վրա էր անցկացվում։ Բոլորը քրտնաջան աշխատում էին։ Ոչ-ոք չէր ցանկանում կորցնել գնդակը, բոլորը պայքարում էին մինչև վերջ և դա մեզ դարձնում էր ավելի հասուն ֆուտբոլիստ։

    Շատ մարդիկ խոսում են հաղթանակած միտք ունենալու մասին։ Դա այն է, երբ դու այնքան վստահ ես մարզչի, խաղընկերներիդ և ինքդ քո ուժերի վրա, որ մինչև խաղի մեկնարկն արդեն գիտես, որ երեք միավորը քոնն է լինելու։ Եվ եթե նույնիսկ խաղասկզբում արագ գոլ ես բաց թողնում, միևնույն է, քո տրամադրվածությունն ու վստահություննը օգնում ենք քեզ հաղթել։

    Լիվերպուլում անցկացրած տարիների ընթացքում ես այսպիսի զգացողություններ շատ եմ ունեցել։ Օրինակ երբ hինգշաբթի օրերը վերջնական մարզումն էինք անցկացնում շաբաթ կամ կիրակի օրվա խաղի համար, ես արդեն գիտեի, թե հանդիպումն ինչ հաշվով էր վերջանալու։ Նույնիսկ գուշակում էի, թե ովքեր էին դառնալու գոլի հեղինակներ։ Իհարկե չեմ ասի այն թիմի անունները, որոնց ես հաղթում էի դեռ խաղը չսկսած, սակայն ցանկանում եմ նշել, որ այս մտածելակերպի շնորհիվ մենք Ժերար Ուլյեի գլխավորությամբ 2000/01 մրցաշրջանում պատմություն կերտեցինք։

    54a6af28ec3fb_3017082

    Իհարկե շատ խաղերում մենք պարտվում էինք, սակայն դրանից թիմը չէր ընկճվում։ Հակառակը, պարտությունները մեզ ավելի էին ուժեղացնում և մենք էլ ավելի շատ էինք մարզվում։

    Ուլյեն ասում էր՝ «Լավ թիմերը երկու անընդմեջ պարտություններ չեն կրում»։ Ամեն անգամ այս խոսքերը լսելուց հետո մենք խաղադաշտում «ոչնչացնում» էինք մեր մրցակիցներին։

    Քարդիֆի Միլենիում Սթեդիումը միշտ կմնա իմ հիշողության մեջ։ Այդ մրցաշրջանում այն կարծես մեր երկրորդ տունը լիներ Էնֆիլդից հետո։ Սկսած 2001 թվականի փետրվարից, երբ լիգայի գավաթի եզրափակիչում մենք հանդիպեցինք Բիրմինգեմի հետ, այդ վայրը դարձավ մեզ հարազատ։ Հանդիպման մեկնարկում Ռոբի Ֆաուլերը բացեց խաղի հաշիվը և մենք մտածեցինք, որ ամեն ինչ ավարտված էր, քանի որ Լիվերպուլն այս խաղում բացահայտ ֆավորիտ էր, սակայն հանդիպման ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ Դարեն Փըրսին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ փոփոխություն չեղավ և սկսվեցին տասնմեկ մետրանոցները, որտեղ մեր դարպասապահ Սանդեր Ուեսթերվելդը կատարեց երկու սեյվ և մեզ դարձրեց լիգայի գավաթակիր։

    liverpool-michael-owen-steven-gerrard-trophy-celeb-worthington-cup-league-cardiff_3008940

    Անկեղծ ասած, երբ Բիրմինգեմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, ես սկսեցի անհանգստանալ, քանի որ մեզ համար նվաստացուցիչ կլիներ պարտվել Անգլիայի երկրորդ լիգան ներկայացնող թիմին։ Ինձ համար սա առաջին մեծ եզրափակիչն էր և առաջին պաշտոնական մեդալը, այդ իսկ պատճառով խաղի ընթացքում փոքր ինչ հուզված էի։ Երբ խաղում ես Լիվերպուլում, քեզ վրա միշտ մեծ ճնշում է լինում, քանի որ այստեղ քեզ ոչ-ոք չի պատրաստվում տալ երկրորդ հնարավորություն։ Բարեբախտաբար ես կարողացա դառնալ այս թիմի մեկնարկային խաղացող և հաղթելով լիգայի գավաթը՝ մտա Լիվերպուլի պատմության մեջ։

    Ես մանկուց հետևում էի FA գավաթի եզրափակիչներին և բակում միշտ կրկնօրինակում էի այն, ինչ անում էին ֆուտբոլիստներն այդ ֆինալում։ Սակայն այս անգամ իմ հերթն էր եկել հանդես գալ FA գավաթի որոշիչ խաղում։ Մենք մրցում էինք Արսենալի դեմ։ Այդ խաղն իմ կարիերայի ամենաբարդ հանդիպումներից մեկն էր։ Արսենալը մեզ ֆիզիկապես գերազանցում էր և անկեղծ ասած նրանք շատ ավելի հաջող էին խաղում քան մենք։ Խաղադաշտում Լիվերպուլը հոգնած տեսք ուներ, քանի որ ընդամենը երեք օր առաջ մենք ծանրագույն հանդիպում էինք անցկացրել Յունայթեդի հետ։ Սակայն խոսքը միայն ֆիզիկականի մասին չէր։ Հանդիպումն անցկացվում էր Լոնդոնում և խաղադաշտում Արսենալի երկրպագուները ավելի շատ էին։

    Այդ խաղում հանդես էի գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և իմ գլխավոր խնդիրը Պատրիկ Վիերային վնասազերծելն էր։ Դա ինձ համար կարծես անհնարին լիներ, քանի որ Վիերան այնքան աննկատ էր գործում, որ ես չէի էլ հասցնում նրան տեսնել։ Մեզ հաջովեց հաղթել այնպիսի խաղում, որտեղ մրցակիցը գերազանց էր գործում, սակայն երբ թիմումդ ունես այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին է Մայքլ Օուենը, ապա անհնարիը դառնում է հնարավոր։ 72-րդ րոպեին Ֆրեդի Լյունգբերգը բացեց հաշիվը, սակայն ընդամենը հինգ րոպե անց Օուենը դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց մեզ։ Ես և Օուենը միասին ենք մեծացել։ Ես շատ լավ գիտեմ, թե որքան էր նա ատում պարտվել։ Դրա մասին տեղյակ էր նաև Արսենալը, սակայն Օուենի դեմ նրանք իրոք անզոր էին։

    5c734fb7-fac9-47fa-bd01-07425bce9ffd-620x372

    Մի խոսքով մենք նվաճեցինք նաև FA գավաթը, սակայն տոնելու ժամանակ չկար, քանի որ առջևում մեզ սպասվում էր ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչը, որտեղ մենք խաղադաշտ պետք է դուրս գայինք իսպանական Ալավեշի դեմ։ Եզրափակիչը տեղի էր ունենալու Դորտմունդի Բորուսիայի մարզադաշտում։ Ժերար Ուլյեն գոհ էր Carling և FA գավաթներով, սակայն նրա համար սա ոչ պակաս կարևոր եզրափակիչ էր։ Նա ասում էր, որ Եվրոպական մրցաշարի եզրափակիչում հանդես գալը և այն հաղթելը ժամանակակից ֆուտբոլի ամենաբարդ խնդիրներից մեկն էր, դրա համար Ուլյեն խնդրում էր մեզ հուսախաբ չանել իրեն։

    Երբ ուղևորվում էինք դեպի մարզադաշտ, ճանապարհին տեսնում էինք մի շարք Լիվերպուլի երկրպագուներ, ովքեր վանկարկում էին մեր անունները, երգում էին You’ll Never Walk Alone-ը և մեզ հաջողություն մաղթում։ Նայելով Օուենի, Ֆաուլերի, Դիդի Համանի, Մարկուս Բաբելի և մնացած ֆուտբոլիստներին, զգում էի, թե որքան մարտական էին տրամադրված նրանք։

    Հանդիպումը սկսվեց այնպես, ինչպես նախատեսել էինք։ Բաբելի շնորհիվ մենք բավականին շուտ կարողացանք առաջ անցնել հաշվի մեջ։ Մի քանի րոպե հետո Օուենի գրագետ փոխանցումից հետո ես նույնպես դարձա գոլի հեղինակ և հաշիվը դարձավ 2-0: Սակայն այս խաղում դեռևս յոթ գոլ էլ պետք է խփվեր։ Հանդիպման ընթացքում մենք երկու անգամ չկարողացանք պահպանել երկու գոլի առավելությունը։ Ալավեշը չէր ցանկանում հանձնվել։ Հանդիպման վերջին րոպեին նրանք կարողացան հաշիվը դարձնել 4-4 և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Չգիտեմ, թե խաղընկերներիս մտքում ինչ էր կատարվում, բայց ես ավելին քան վստահ էի, որ մենք էինք հաղթելու։ Գարի Մաքալիսթերի կողմից իրացրած տուգանայինից հետո Ալավեշի դարպասապահ Դելֆի Ջելին անվստահ խաղաց և գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Հաշիվը դարձավ 5-4 և այդ գոլով ավարտվեց հանդիպումը, քանի որ այդ ժամանակ դեռևս գործում էր ոսկե գոլ համակարգը։

    article-2296083-18CD08D6000005DC-592_634x428

    Հաղթեցինք նաև երրորդ եզրափակիչում, նվաճեցինք երրորդ կարևորագույն գավաթը և Լիվերպուլի պատմության գրքում Քենի Դալգլիշի, Յան Րաշի ու Բիլ Շենկլիի անունների կողքին հայտնվեցինք մենք՝ Ժերար Ուլյեի գլխավորությամբ։

    2000/01 մրցաշրջանում ես մասնակցեցի 50 հանդիպման, դարձա տասը գոլի հեղինակ և նվաճեցի երեք գավաթ։ Սա այն ամենն էր, ինչ ես ցանկանում էի, սակայն ինձ ևս մեկ մրցանակ էր սպասվում, սակայն այս մեկն անձնական էր։ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան ինձ ճանաչեց որպես 00/01 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։ Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում մրցանակը ստանալու պահին։ Ինձ համար մեծ պատիվ էր դառնալ Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Հետագայում, ավելի կոնկրետ 2006 թվականին ես դարձա նաև Անգլիայի լավագույն խաղացողը։ Ոչ բոլոր ֆուտբոլիստներին է հաջողվել իրենց կարիերայի ընթացքում նվաճել այս երկու մրցանակները․․․

    003CB4B700000258-2965022-image-a-125_1424827690858